ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Պատուհանդ բաց արա, շարմաղ մարմինդ տեսնեմ»

«Պատուհանդ բաց արա, շարմաղ մարմինդ տեսնեմ»
07.07.2009 | 00:00

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐՎԱԾ «ՌՈՒՄԲԸ»
ԱԺ-ն թևակոխում է զարգացումների անչափ հետաքրքիր փուլ: Հովհաննես Ա.-ն ստանում է իմիջը բարձրացնելու անսահմանափակ ու ահեղնադղորդ հնարավորություն:
Բանն այն է, որ խորհրդարանում օրերս շրջանառության մեջ է դրվել մի «ռումբ»: Վերջինս իրավաբանորեն անվանվում է «Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ:
Շնչակտուր մի եղեք. հերթո՜վ գալիս ենք:
ա) Նախագծի հեղինակը պատմաբան, շորասազ Վիկտորն է` Դալլաքյան, որին, ինչպես երևում է նախագծից, մարմինների (ԱԱ) մասին մտածումները հանգիստ չեն տվել, ու նա, ոչ ավել-ոչ պակաս, առաջարկել է գրեթե դարակազմիկ, եթե մեզ թույլ տանք ավելին, ապա «գեոպոլիտիկ-վեկտորալ» փոփոխություններ պարունակող դրույթներ:
բ) Քանի որ մինչ այժմ վերը նշված մարմնի մասին օրենքում ֆիքսված չի եղել, թե սույն փառապանծ կառույցն ում կարող է «վերբովկայի» ենթարկել, Դալլաքանց Վիկտորն անհրաժեշտ է համարել արձանագրել հետևյալը. ԱԱ մամինները չեն կարող «վերբովկա» անել կառավարության անդամներին (վարչապետին ներառյալ. նախագահի մասին ձեն-ծպուտ չկա), ՍԴ անդամներին, պատգամավորներին...
-Բա էլ ո՞վ մնաց «տակը», համ էլ կընդունե՞ն էդ լրացումները նույն պատգամավորները,- չհամբերեցինք և լրագրողական հարցապնդում կատարեցինք:
-Ես էլ հակադարձում եմ` իսկ Դուք ճի՞շտ եք համարում, որ ԱԱ-ում որպես համագործակցող անձ լինեն այս մարդիկ:
-Ըսկի՛:
-Դե, ուրեմն, շարունակում եմ:
Եվ, ուրեմն, օրենքի լրացմամբ ԱԱ մարմնի հետ չեն կարող համագործակցել նաև մարդու իրավունքների պաշտպանը, ՎՊ պալատի նախագահը, հանրային հեռուստաընկերության, ԿՎՀ-ի (ներեցեք` խառնեցինք)` ԿԸՀ-ի, ՀԾԿՀ-ի ղեկավարները, մարզպետները, համայնքապետերը, ավագանու անդամները (բա՜ն չմնաց տակը)... մնաց. Հայ առաքելական սուրբ եկեղեցու անդամները (կաթողիկոսի մասին նույնպես խոսք չկա), ինչպես նաև Հայաստանում օրենքով գործող կրոնական կազմակերպությունների անդամները... էստեղ արդեն նոր հարց է առաջանում, ու, թերևս, պետք է Դալլաքանց Վիկտորին «ապսպրել» մի «դիմում էլ էս հաշվով գրի», որովհետև կարող է պատահի էս կրոնական գրանցված կառույցները (չար լեզուներն են ասում) ոչ թե ԱԱ-ի հետ համագործակցելիս լինեն, այլ` հասկացաք:
Անցանք առաջ: Ոնց տեսնում եք` օրենսդրական նախաձեռնությունը (ընդ որում` անչափ գովելի և գրեթե ավգյան ախոռ մաքրող) մի քանի «նո»-եր ունի:
Մինչ «նո»-երին անդրադառնալը, պետք է նաև ֆիքսել, որ լրացումների ընդունմամբ և կիրառմամբ Հայաստանում հոգեբարոյական մթնոլորտը բավականին կմաքրվի, որովհետև չեկիստական հոգեբանությունը, բացի ավերելուց, ոչ մի ուրիշ բանի չի ծառայել մեզանում:
Հաշվի առնենք նաև հանգամանքը, որ «լրացումների» խնդիրն անչափ նուրբ է` մի շարք առումներով: Բանն այն է, որ «համագործակցելու պարագան» ուրույն կերակրատաշտ է, և տաշտին մերձ գտնվողների կողմից շատ բուռն հակազդեցության է արժանանալու: Եվ հետո` այն նաև ազդեցության լայն «սֆերա» է նույն տաշտամերձների համար` բոլոր առումներով, այդ թվում և` քաղաքական: Էլ չենք խոսում այն մասին, թե այս «համակարգը», կուլտուրական ձևակերպած` համագործակցողների ինստիտուտը, որքան ամուլ և որքան կոնյունկտուրային է եղել մեզանում. բավական է հիշել, թե ինչպես նրա գործակալները բացահայտվեցին միտինգների ժամանակ, բավական է հիշել, թե ինչպես «արտահոսք» եղավ (ըստ ոչ անհայտ Թամամյանի) առ այն, որ հայոց ոստիկանական և «այլական» ուժերը պատրաստվում են մարտի մեկի վաղ առավոտյան «զախվատ» օպերացիա իրականացնել Ազատության հրապարակում. և այդպե՜ս շարունակ:
Հասանք` «նո»-երին: Այսպիսով հարց. իսկ եթե վերը նշված «բոլորը»` արդե՞ն: Այսինքն` թե, պատգամավորները, թե՛ մարզպետները, թե՛ կառավարության անդամները... արդեն իսկ «վերբովացված» են. ի՞նչ է արվելու այն դեպքում, երբ օրենքն ընդունվի. դիմում են գրելու ԿԳԲ-ին, թե Գորիկ Գուրգենիչ, ես գնացի` ցե՞:
-Էդ հարցը պետք է ուղղել համապատասխան մարմիններին,- հարցապնդմանն ի պատասխան ասաց Վիկտոր Դալլաքյանը:
Լավ չէ՞ր անում Վանոն, որ ասում էր` բացեք Ազգային անվտանգության «մարմինների» արխիվները, համ էդ մարդկանց գործը կհեշտանա, համ էլ` էդ բազմաչարչար կառույցի: Չլսեցին: Ի դեպ, Մերձբալթյան երկրները բացեցին ԿԳԲ-ի արխիվները, ու հիմա «չաղ-ուրախ-բախտավոր», իմա` քաղաքակիրթ, ապրում են, զարգանում, և ոչ թե ամեն անցնող-դարձողի մեջ գործակալ տեսնում-որոնում: Չհաջողված:
Հաջորդ հետաքրքիր «մոմենտն» էլ այն է, թե ինչ եզրակացություն կտա օրենսդրական այս լրացումներին կառավարությունը, և ով կպահի Գորիկ Գուրգենիչի թասիբն «այս գործում»:
Ոնց տեսնում եք` ահագին հետաքրքիր է լինելու մեր կյանքն աշնանը` թե՛ կառավարության հաշվով, թե՛ ԱԺ-ի:
Բայց ամենահետաքրքիրը, որը «ցավալորեն» մեր «բանախոսի» հոմերական ծիծաղն առաջացրեց` «շպիոն Օնոյի» մասին մեր կանխավարկածն էր:
Բանն այն է, որ ԷֆԷսԲե-ի վերածված հայրենի ԿԳԲ-ի շուրջ տեղի ունեցող այս «անցուդարձը» հաստատ դուր չի գալու «մերոց բարեկամաց»: Ռազմավարական: Եթե բանը հասնի լրացումների ընդունմանը: Ռուսաստանն առանց այն էլ մեզանում շատ բաներից է դժգոհ. այսօր մեզանում առկա ԱԱ «ցանցում» հիմնականում իր կադրերն են, իր չեկիստական «շկոլայի արտադրանքը», ու թե հիշենք ժամանակին պաշտպանության նախարարության կադրային, կազմակերպչական «ֆոնդը» միջազգային, իսկ իրականում` ՆԱՏՕ-ական չափանիշներին համապատասխանեցնելու, վերակազմավորելու և վերազինելու, նոր որակ հաղորդելու գործընթացն ինչպես ազդեց մեր «ռազմավարող» նյարդերի ու ինքնազգացողության վրա, ապա կարելի է հասկանալ, որ մայր-Ռուսիան առանձնապես հիացած չի լինի նաև «կամուֆլյաժավոր-շորասազ» Վիկտորի օրենսդրական այս նախաձեռնությամբ, եթե այն կյանքի կոչվի:
Էլ չենք ասում, որ մայր-Ռուսիան «մերոնց» այդ քայլում կարող է տեսնել առավել հեռուն գնացող «ստրատեգիա» և նպատակ. այն է` Հայաստանը դեմքով շրջվում է դեպ այլ անվտանգության (բայց մենք «մասոն» անուն տվեցի՞նք, բայց մենք «Վելիկի վոստոկ», «Նացիոնալնի վոստոկ», կամ թեկուզ` «Լոժա Ռոսիի» «կառույցների» անուն տվեցի՞նք, ո՛չ, չտվեցինք) «համակարգեր»:
Չտվեցինք, չէինք էլ պատրաստվում տալ. էնպես` հեռվի՜ց, թեթև ակնարկով հանդես եկանք, բայց, միևնույն է, «շպիոն Օնոյի» մեր «չհնչեցրած» վարկածի և թեզի հաշվով Դալլաքյան Վիկտորն անզուսպ ծիծաղեց ու ասաց` «ինչպես միշտ` երևակայության վառ ու անողոք դրսևորում»:
Դե` հիմա:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2904

Մեկնաբանություններ